Հիլլարի Քլինթոնը Լիբիայի ազգային անցումային խորհրդին կոչ է արել կատարել ստանձնած պարտավորությունները` հանդուրժողական, դեմոկրատական պետության ստեղծման ուղղությամբ, որը կպաշտպանի իր բոլոր քաղաքացիների իրավունքները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Ազգային անցումային խորհուրդը` լիբիական ապստամբների կառավարական մարմինը, հայտարարել էր Բենգազիից Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի տեղափոխվելու մասին: Այդ մասին տեղեկացրել էր խորհրդի ղեկավարի տեղակալ Ալի Տարխունին:

Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլում տեղի է ունեցել Միջազգային կոնտակտային խմբի հանդիպումը, որտեղ քննարկվել է Լիբիայում ստեղծված իրադրությունը: Խմբի մեջ ընդգրկված է 27 երկիր, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններ:

Կոնտակտային խումբը խոստացել է օժանդակել Ազգային անցումային խորհրդին: Թուրքիայի ԱԳՆ-ը հայտնել է, որ լիբիական ակտիվների ապասառեցման հարցը այս շաբաթ քննարկման կդրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: