Օգոստոսի 26-ին ուժի մեջ է մտնելու Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հրադադարի հաստատման ռեժիմը:

ՀԱՄԱՍ-ը եւ այլ արմատական պաղեստինյան խմբավորումները Գազայի շրջանում հերթական անգամ հայտարարել են կրակի դադարեցման եւ իսրայելական պետության հետ հրադադարի վերականգման մասին:

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի խոսքով, հրադադարը անհրաժեշտ քայլ է հանդիսանում եւ  ուղղված է Իսրայելի կողմից աճող էսկալացիոն բռնության դեմ պայքարին: Նոր հրադադարի հաստատման համար որպես միջնորդ հանդես կգա Եգիպտոսը, հաղորդում է «Վեստին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օգոստոսի 19-ին ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունը հայտարարել էր Իսրայելի հետ հրադադարի փաստացի դադարեցման մասին:

Հրադադարը տեւել էր ավելի քան 2 տարի, սակայն օգոստոսի 18-ի իրադարձություններից հետո, երբ Իսրայելը սկսեց ռմբակոծել Գազան, որոշում էր ընդունվել դադարեցնել հրադադարը:

Իսրայելական ռազմաօդային ուժերի ռմբակոծման հետեւանքով Գազայում մահացել էր 14 մարդ: Մահացածների մեջ երեխաներ են եղել:

Հավելենք, որ իսրայելական ռազմաօդային ուժերը ռմբակոծումը սկսել էին` ի պատասխան Իսրայելի հարավային Էյլաթ շրջանում տեղի ունեցած ահաբեկչության: Գազայում իշխող ՀԱՄԱՍ կազմակերպությունը ժխտել էր իր մասնակցությունը Էյլաթի ահաբեկչությանը: