Իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսությունը կարելի է ընդհատել բազմաթիվ պատճառներով։ Օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Համլետ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ՀԱԿ-ը սխալ է վարվում, երբ այդ նպատակով օգտագործում է ոստիկանների եւ իր երիտասարդ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած միջադեպը։

«Հայտարարությունն այն մասին, որ ՀԱԿ-ն այս խնդրի լուծման եւ կալանքի տակ գտնվող ակտիվիստներից վերջինին ազատ արձակելու համար իշխանություններին օրեր է տալիս, լուրջ չէ։ «Սա այն հարցը չէ, որի պատճառով կարելի է կասկածի տակ դնել երկխոսությունը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ եթե Տիգրան Առաքելյանը ՀԱԿ-ի պահանջի հիման վրա ազատ արձակվի, դա նախադեպ կդառնա, որպեսզի յուրաքանչյուր մարդ, առավելապես ընդդիմադիր, խախտի օրենքը եւ մնա ազատության մեջ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները օգոստոսի 9-ին բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին:

Հելսինկյան Ասոցիացիայի փոխանցմամբ, Կարապի լճի մոտ երիտասարդները մոտեցել են ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի անցորդների: Երիտասարդները պահանջել են հիմնավորել իրենց գործողությունները, որից հետո էլ հենց ոստիկանները բռնություն են գործադրել եւ ծեծի ենթարկել երիտասարդներին: ՀԱԿ-ը ձերբակալություններն անհիմն է համարում։

Նշենք, որ ներկայումս անազատության մեջ է միայն Տիգրան Առաքելյանը, ում Վերաքննիչ քրեական դատարանը հրաժարվել է ազատ արձակել, իսկ մյուս ակտիվիստներին ազատ են արձակել ստորագրությամբ: