2020 թ. Հայաստանից կդադարի ուղեղների արտահոսքը, պետական ճարտարագիտական համալսարանը կվերածվի միջազգային չափանիշներին համապատասխան գիտակրթական կենտրոնի, ճշգրիտ ճարտարագիտական եւ ճշգրիտ սարքաշինական ճյուղը տարեկան կթողարկի 300-400 մլն դոլարի արտադրանք (10 անգամ ավելի, քան ներկայում), որից 200 մլն դոլարը կարտահանվի: Այս հայտարարության հեղինակը «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության խորհրդի անդամ Սեւակ Հարությունյանն է, որն այսօր` օգոստոսի 26-ին լրագրողներին ու գործարարներին ներկայացրեց Հայաստանի արտահանման խթանման հայեցակարգը: Նշենք, որ էկոնոմիկայի նախարարությունը հենց այդ խորհրդատվական ընկերությանն է պատվիրել մշակել հայեցակարգը:
Սակայն «Ալմաստ» գործարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էր նաեւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, գործարարներն այնքան էլ բարձր չգնահատեցին ներկայացված ծրագիրը: Նրանց մեծ մասը ծրագրի ներկայացման ժամանակ ննջում էր: «Արմեն Մոթորս» ընկերության գործադիր տնօրեն Կառլոս Պետրոսյանն ասաց, որ այդպիսի ծրագրեր շատ են տեսել, բայց դրանցից օգուտ չկա: Բացի այդ` գործարարների ներկայացրած առաջարկությունները գործնականում հաշվի չեն առնվել: Մեկ այլ տնօրեն էլ նշեց, որ կրթության ոլորտին վերաբերող առաջարկությունները իրատեսական չեն եւ կրթության հետ ընդհանրապես կապ չունեն: Էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանն է զարմանք հայտնեց, որ հայեցակարգում հաշվարկված են ճշգրիտ սարքաշինության ու մեքենաշինության ոլորտի 60 ձեռնարկություններ, այն դեպքում, երբ դրանց թիվը երկու տասնյակից չի անցնում:
Նշենք, որ արտահանման խթանման ռազմավարության վերաբերյալ փաստաթուղթը դեռեւս հրապարակված չէ, այն ոլորտ առ ոլորտ ներկայացվելու է գործարարներին:




























