Բանակցությունների հերթական ռաունդին չներկայացած Հայ ազգային կոնգրեսը էթիկական ոչ մի նորմ չի խախտել։ Օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով Դավիթ Հարությունյանի այն հայտարարությունը, որ հերթական հանդիպմանը չգալը ՀԱԿ-ի կողմից «անքաղաքավարի պահվածք էր»։
«Մենք սպասեցինք եւ ժամը 09։55-ին որոշում կայացրեցինք չներկայանալ հերթական ռաունդին։ Արդեն ժամը 10-ին Սամվել Աբրահամյանն այս մասին հայտնեց կոալիցիայի պատվիրակությանը։ Վերջիվերջո ոչ ոք չէր կարող բացառել, որ Տիգրան Առաքելյանը կարող էր առվոտյան ազատ արձակվել, ինչպես մեզ խոստացել էին, եւ մենք սպասում էինք։ Սակայն քանի որ մեզ տրված խոստումները չկատարվեցին, մենք որոշում կայացրեցինք չներկայանալ բանակցությունների հերթական ռաունդին։ Եւ հենց էթիկական նկատառումներից ելնելով՝ մեր պատվիրակության ներկայացուցիչը եկավ նշանակված վայր եւ հայտնեց մեր որոշման մասին»,- հայտարարեց Զուրաբյանը։
Նա նաեւ կոալիցիայի ներկայացուցիչներին խորհուրդ տվեց ավելորդ անգամ չխոսել էթիկայի մասին։ «Էթիկայի մասին թող չխոսի այն իշխանությունը, որն ամեն քայլափոխի խախտում է մարդու իրավունքները եւ հանցավոր գործունեություն իրականացնում։ Գիտե՞ք, այս երկխոսությունը շախմատ է հիշեցնում, որտեղ հարվածները սեղանի տակից ոտքերով են կատարվում։ Նման շախմատ մենք չենք խաղում»,- ասաց Զուրաբյանը։
Նշենք, որ այսօր պետք է կայանար Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության պատվիրակությունների բանակցությունների 7-րդ փուլը, սակայն առավոտյան կառավարությունների տուն է ժամանել միայն ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը եւ հայտնել, որ ՀԱԿ-ը նպատակահարմար չի համարում մասնակցել հանդիպմանը:




























