Անթույլատրելի է, որ Երեւանի ավտոբուսային պարկը համալրվի առավելապես «Բոգդան» տեսակի ավտոբուսներով: Այսօր` օգոստոսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Սպառողների ասոցիացիայի նախագահ» Արմեն Պողոսյանը: Նրա տեղեկացմամբ` քաղաքապետարանը խոստացել է ավելացնել եւ միջին, եւ մեծ տարողությամբ ավտոբուսների քանակը։ «Բայց ես վստահ եմ, որ առյուծի բաժինը լինելու են միջինները՝ «Բոգդան» տեսակի, ինչն անթույլատրելի է։ Մենք միջին մարդ չենք, մենք լիարժեք մարդ ենք եւ արժանի ենք երթեւեկելու այն պայմաններում, ինչն ընդունված է քաղաքակիրթ աշխարհում»,- հայտարարեց Ա. Պողոսյանը:
Նա անթույլատրելի համարեց նաեւ, որ Երեւանում ուղեւորափոխադրումների 90 տոկոսից ավելին ներկայում իրականացնում են երթուղային տաքսիները, այնինչ զարգացած երկրներում շեշտը դնում են էլեկտրատրանսպորտի վրա: Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված է, որ միկրոավտոբուսների կշիռը ուղեւորափոխադրումներում պետք է կազմի 12 տոկոսից ոչ ավելի, սակայն, ըստ Ա. Պողոսյանի, դա իրականացվելու է ոչ թե էլեկտրատրանսպորտի, այլ ավտոբուսների հաշվին:



























