Դամասկոսի միջազգային օդանավակայանում եւ երկրի հարավում գտնվող որոշ կետերում իսրայելական ագրեսիայի հետեւանքով հինգ զինվոր է զոհվել, հայտնում է SANA-ն։
«Այսօր ժամը 00:45-ի սահմաններում իսրայելական կողմը Տիբերիա լճի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանի եւ Դամասկոսից հարավ ընկած որոշ կետերի ուղղությամբ։ ՀՕՊ համակարգերը հակադարձել են ագրեսորի հրթիռներին եւ խոցել դրանց մեծ մասը»,- լրատվական գործակալությանը հայտնել է աղբյուրը։
Աղբյուրը հավելել է, որ ագրեսիան «հինգ զինծառայողների մահվան եւ որոշակի նյութական վնասի» է հանգեցրել։
Սա Դամասկոսի օդանավակայանի վրա իսրայելական հրթիռային հարձակումների առաջին նման դեպքը չէ։
Հունիսին Սիրիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական հարձակումը Դամասկոսի միջազգային օդանավակայանի ենթակառուցվածքի վրա լուրջ վնաս է հասցրել օդանավակայանի թռիչքուղիներին:





























