Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան ֆրակցիայի առաջնորդ Մարին Լը Պենը հակառուսական պատժամիջոցներին Փարիզի մասնակցությունն անվանել է աշխարհաքաղաքական սխալ, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Ֆրանսիան աշխարհաքաղաքական սխալ թույլ տվեց՝ մասնակցելով Ռուսաստանի դեմ հիմար եւ չմտածված պատժամիջոցներին»,- ասել է նա կիրակի օրը կայացած կուսակցական համաժողովի ընթացքում։
Լը Պենի կարծիքով՝ Եվրամիության քաղաքականությունը դառնում է «կայսերական»։
«Բրյուսելի վտանգավոր եւ ռազմատենչ դիրքորոշումը գնալով մերժվում է անդամ պետությունների այն ուժերի կողմից, որոնք առաջնահերթ են համարում ազգային շահերը», - ասել է նա՝ հավելելով, որ այս միտումը կարելի է տեսնել Շվեդիայի, Իտալիայի եւ Նիդեռլանդների ընտրողների տրամադրություններում։ Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայում հունիսին կայացած ընտրություններում իր կուսակցությունը մանդատ է ստացել 80 ընտրատարածքներում։
«Սա մեր ամենամեծ հաջողությունն էր կուսակցության գոյության 50 տարիների ընթացքում»,- ընդգծել է քաղաքական գործիչը։





























