«Ինչո՞ւ եք նման ծախսերի մեջ մտնում, չէ՞ որ այս վարկը պետք է վերադարձնենք»

«Իշխանության մի թեւը մտածում է, որ մյուս թեւին կարա ֆռռացնի: եկեք, ըտենց բան չանենք»,- այսօր Աժ արտահերթ նիստում, անդրադառնալով Արժույթի միջազգային հիմնադրամից 202.400 մլն գումարի վարկային համաձայնագրին, հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ով անընդունելի համարեց, որ ԱՄՀ-ի հետ բանակցություններն ընթացել են հեռախոսով: «Նամակի հիման վրա տիկին Օմեսին (ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար) ասում են` մի քիչ փող տվեք, էլի: Ես ավարտել եմ Պոլիտեխնիկը, որտեղ տղամարդկանց զուգարանի վրա գրված էր. „Նայիր աջ“, աջի վրա գրված էր. „Նայիր ձախ“, երբ ձախ էիր նայում գրված էր. „Եկել ես գործո՞վ, թե՞ աջ ու ձախ նայելու“: Մի ալարեք, մի հատ կարդացեք այս համաձայնագիրը, լրիվ աջ ու ձախի ինստիտուտներ են»,- ասաց նա ու հավելեց, որ ամենավտանգավորն այն է, որ պայմանագրում հստակ չէ, թե ինչ տոկոսադրույքով է այն տրվելու: Պատգամավորները հետաքրքրվում էին նաեւ, թե ինչպես է այդ վարկն օգտագործվելու:

Մասնավորապես, ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն իր խոսքում հարց ուղղեց կառավարությանը. «Ո՞ւր են գնալու այս գումարները: Եթե ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ է, ինչո՞ւ եք նման ծախսերի մեջ մտնում, չէ՞ որ այս վարկը պետք է վերադարձնենք: Վաղը ասելու եք, եկեք հարկերը ավելացնենք, արտաքին պարտքերի սպասարկման համար: Աշխարհի սաղ երկրներում ապրանքի գները իջել են, իսկ մենակ Հայաստանում թանկանում է: Էդ ո՞վ ա հարկերը վճարելու»:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանն էլ նկատեց,որ պետք չէ տնտեսական քաղաքականության ողջ պատասխանատվությունը գցել Տիգրան Սարգսյանի վրա, քանի որ այդ քաղաքականության կնքահայրը եղել է Ռոբերտ Քոչարյանն ու ներկայիս կոալիցիան:

«Կառավարությունը 30 միլիոն դրամի մրցույթ է հայտարարել` կառավարության շենքի վերանորոգման համար: Մրցույթը շահել է մի կազմակերպություն, որի ղեկավարը վարչապետի հորեղբոր տղան է: Կառավարությունը մեկ այլ որոշմամբ պետական երաշխիք է տալիս „Գլենդել Հիլզին“, ում անունը կապվում է հարգարժան Դավիթ Հարությունյանի եւ նրա եղբոր հետ, որը պարտավորվել է իր շինարարական նյութերը գնել Վանաձորի „Քիմպրոմ“-ից: Երեկ Կառավարությունը „Գլենդել Հիլզին“ նվիրատվության կարգով տարածքներ է հատկացրել Ախուրյանի եւ Սպիտակի տարածաշրջաններում: Խոսքը նրա մասին է, որ կառավարությունը շարունակում է ճգնաժամից փրկել սեփական բիզնեսը: Ո՞ր մեկն ասենք»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը: