Մոլդովական «Մոլդովագազ» գազաբաշխիչ ընկերությունը դիմել է երկրի էներգետիկ կարգավորող մարմնին՝ խնդրելով թույլ տալ սպառողների համար գազի սակագինը 31,5 տոկոսով բարձրացնել։ Այս մասին Telegram-ում հայտնել է «Մոլդովագազ»-ի ղեկավար Վադիմ Չեբան։ Առաջարկվող նոր գինը հազար խորանարդ մետրի համար կազմում է 26 675 մոլդովական լեյ (1382 դոլար), հայտնում է Reuters-ը։

«Այս քայլը պայմանավորող հիմնական գործոնը գնումների գների շարունակական զգալի աճն է»,-գրել է Չեբան:

Առաջարկվող աճը կազդի ինչպես մասնավոր տնային տնտեսությունների, այնպես էլ արդյունաբերական սպառողների վրա:

Մոլդովան մեծապես կախված է ռուսական գազից եւ շատ է տուժել ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո գազի գների կտրուկ աճից:

Հազարավոր մարդիկ կիրակի օրը դուրս են եկել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւի փողոցներ՝ պահանջելով կառավարության հրաժարականը՝ վառելիքի բարձր գների եւ աճող ինֆլյացիայի պատճառով։

Մի քանի հարյուր ցուցարարներ գիշերել են Մոլդովայի խորհրդարանի մոտ գտնվող վրաններում։