Սերբիան թույլ չի տա Կոսովոյին անդամակցել ՄԱԿ-ին՝ չնայած ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների ուժեղ ճնշմանը։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հայտնում է Bloomberg-ը։

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե Սերբիան ամբողջությամբ չճանաչի Կոսովոյի ինքնիշխանությունը, «դուք երբեք չեք կարող վռնդել Պրիշտինային ՄԱԿ-ից», երբ նա տեղ ստանա: «Չկա որեւէ հնարավորություն, որ մենք Կոսովոն ընդունենք ՄԱԿ-ում»,- ասել է Վուչիչը՝ հավելելով, որ Սերբիան պատրաստվում է տնտեսական հետեւանքների՝ ԵՄ միջնորդությամբ տարիներ շարունակ ընթացող բանակցություններից հետո, որոնք չեն կարողացել փակուղուց դուրս բերել Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակը։

Բրյուսելը պահանջում է, որ երկու կողմերը կարգավորեն հարաբերությունները, եթե ցանկանում են անդամակցել ԵՄ-ին։

Անցյալ շաբաթ Վուչիչը դիվանագիտական ջանքերի շրջանակում հանդիպել է ԵՄ-ն, Ֆրանսիան եւ Գերմանիան ներկայացնող բալկանյան բանագնացների հետ: Նա ասել է, որ մերժել է գործարքի առաջարկը, որը թույլ կտար Կոսովոյին միանալ ՄԱԿ-ին:

Վուչիչի խոսքով՝ Սերբիայի վրա աճող ճնշումը՝ նրա դիրքորոշումը փոխելու համար, ավելի է բարդացնում երկրի էներգետիկ անվտանգության վիճակը, քանի որ այն մեծապես կախված է ռուսական «Գազպրոմ»-ից, պարենի եւ այլ ներմուծվող ապրանքների գնումներից։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի առաջարկների մերժումը, որն այսօր Սերբիայի խոշորագույն առեւտրային գործընկերն է, «իր գինն ունի»։ «Մեծ եւ կոշտ ճնշումը կշարունակվի»,- ասել է Վուչիչը։ «Պետք է մտածենք, թե ինչպես ենք ապրելու»։