Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը թվով երրորդ հայտարարությունն է տարածել` ի պատասխան կրթության եւ գիտության նախարարության երկրորդ հայտարարության: ՄԻՊ գրասենյակի հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. «Կարող ենք միայն արձանագրել, որ Կրթության եւ գիտության նախարարության կողմից չներկայացվեց որեւէ հիմնավոր փաստարկ այն մասին, որխնդրո առարկա մրցութային գործընթացում մարդու իրավունքների խախտումներ չեն եղել:
Ներկայացվեցին ընդամենը դեմագոգիկ հայտարարություններ: Հուսանք, որ ԿԳՆ-ին, անլուրջ հայտարարություններ անելու փոխարեն, ի վերջո կհաջողվի մրցույթները կազմակերպել այնպես, ինչպես ներկայացված է նախարար Աշոտյանի պաշտոնական գրության մեջ: Հուսանք նաեւ, որ նրան կհաջողվի սահմանել արդար մրցութային կարգեր եւ անցկացնել մրցույթներ` առանց մարդու իրավունքների խախտումների»:
Հ.Գ. Հաշվի առնելով, որ ԿԳՆ-ն մինչ այս արագ եւ կոշտ է արձագանքել ՄԻՊ հայտարարություններին, կարելի է ակնկալել, որ մեկ-երկու ժամից նախարարությունը կտարածի իր երրորդ հայտարարությունը` «տակ չմնալու համար»:




























