Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացնում է «դեմոկրատիաների ճգնաժամի» (այդ թվում Միացյալ Նահանգներում) մասին՝ «ճնշման» եւ «ապակայունացման» բազում տարիներից հետո։
Հարցին, թե արդյոք նա անհանգստանում է ամերիկյան դեմոկրատիայի համար, Մակրոնը պատասխանել է. «Ես անհանգստանում եմ բոլորիս համար։ Ես ատում եմ դասախոսություններ կարդալը, բայց հավատում եմ, որ այն, ինչ դրված է քարտեզին, այն է, ինչը մենք կառուցել ենք 18-րդ դարում»,- ասել է Մակրոնը։
CNN-ի հարցազրույցում Ֆրանսիայի նախագահը նախազգուշացրել է արեւմտյան «լիբերալ դեմոկրատիաների» գլոբալ ճգնաժամի մասին։ «Ես կարծում եմ, որ մենք դեմոկրատիաների մեծ ճգնաժամ ունենք, այն, ինչը ես կանվանեի լիբերալ դեմոկրատիաներ։ Նախ՝ ճնշման պատճառով, որը կարող է ապակայունացնել հասարակությունը։ Հավանաբար, վերջին մի քանի տարիներին մեզ մոտ էլ ավելի է մեծացել ճնշումը հասարակության վրա, եւ մենք գտնվում ենք այն կետում, երբ տարբեր երկրներ միջին դասի ճգնաժամ են ապրում»։
Նա նշել է սոցցանցերի դերն այս հարցում։ Նրա խոսքով՝ սոցիալական պլատֆորմները եղել են «կեղծ նորությունների» եւ «նոր ռելյատիվիզմի» շարժիչ ուժը, որոնք նա անվանել է «բոլոր դեմոկրատիաների մարդասպան, որովհետեւ դա լրիվ խախտում է հարաբերությունները ճշմարտության, գիտության եւ մեր սեփական դեմոկրատիայի հիմքի հետ»։





























