Վիշապների պուրակի փրկության կապակցությամբ այսօր` օգոստոսի 27-ին ժամը 17-ից մեկնարկած տոնախմբությանը մասնակցել են բազմաթիվ քաղաքացիներ, Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը եւ Զարուհի Փոստանջյանը, բնապահպաններ եւ ակտիվիստներ:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը: «Հավաքվել է մոտ 40 հոգի, բայց անընդհատ մարդիկ գալիս են: Փորձում ենք ինչ-որ կերպ բնակիչների մեջ նշանավորել այս հաղթանակը, հաղթանակի գիտակցումը տեղ հասցնել:
Սա կարեւոր է ոչ միայն մեր, այլեւ Երեւանի բոլոր բնակիչների համար»,- ասաց նա: Տոնախմբության մասնակիցները երգել են, պարել, ուրախացել եւ տոնել իրենց հաղթանակը: Օրինակ` NEWS.am-ի զանգելու պահին «Պարենք հայերեն» խումբը պատրաստվում էր քոչարի պարել: Տոնախմբությունը ավարտվել է ժամը 20-ին:
Հիշեցնենք, որ մեկ տարի տեւած համառ պայքարից հետո Նոր Նորքի բնակիչները վերջապես հաղթանակ տարան` պահպանելով Վիշապների պուրակը եւ փրկելով այն բարձրահարկ շենքով կառուցապատումից:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտնել էր, որ այս քաղաքացիական հաղթանակը հնարավոր դարձավ հատկապես տեղի բնակիչների վճռականության, ակտիվ երիտասարդների ու բնապահպանների, ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Ստեփան Սաֆարյանի եւ շատ ու շատ այլ մտահոգ քաղաքացիների շնորհիվ:




























