Կոալիցիա-Հայ ազգային կոնգրես երկխոսության աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը հույս ունի, որ հետդարձի կամուրջներն այրված չեն, եւ ընդդիմության կողմից առկախված երկխոսությունը մոտ ժամանակներս կվերականգնվի։ Այս մասին նա հայտարարեց օգոստոսի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նկատելով, որ ստեղծված իրավիճակը շատ նուրբ է, եւ ինքը գերադասում է զերծ մնալ կտրուկ գնահատականներ հնչեցնելուց՝ Գագիկ Մինասյանն այնուամենայնիվ նշեց, որ հույս ունի՝ ՀԱԿ-ը ողջախոհություն կցուցաբերի եւ կվերադառնա բանակցային սեղանի շուրջ։ «Պետք է ստեղծել բոլոր հնարավորություները, որպեսզի կասեցված գործընթացը վերսկսվի։ Հույս ունեմ, որ ՀԱԿ-ը կվերագնահատի իր գործողությունները եւ կվերսկսի երկխոսությունը»,- նկատեց աշխատանքային խմբի անդամը՝ ավելացնելով, որ երկխոսության ընդհատման մտավաություն, անկախ ամեն ինչից, ինքը միշտ էլ ունեցել է։
Գագիկ Մինասյանի խոսքով, եթե ՀԱԿ-ն այնուամենայնիվ որոշի չշարունակել առկախված գործընթացը, ապա ակնհայտ կդառնա, որ քաղաքական այդ ուժը ցանկանում է գնալ ցնցումների եւ ապակառուցողականության ճանապարհով, բացի այդ զգալիորեն կհիասթափեցնի իրեն հավատարիմ մարդկանց։
Ամփոփելով՝ աշխատանքային խմբի անդամը տեսակետ հայտնեց, որ ՀԱԿ-ում կան ուժեր (նրանց անունները Մինասյանը չբարձրաձայնեց), որոնք շահագրգիռ են, որ երկխոսությունը չկայանա։
Նշենք, որ ՀԱԿ-ի եւ իշխանության պատվիրակությունների բանակցությունների 7-րդ փուլը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրն առավոտյան կառավարությունների տուն էր ժամանել միայն ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը եւ հայտնել, որ ՀԱԿ-ը նպատակահարմար չի համարում մասնակցել հանդիպմանը: Որպես հիմնական պատճառ՝ ՀԱԿ-ը նշել էր օգոստոսի 9-ի հայտնի միջադեպից հետո իր ակտիվիստներից Տիգրան Առաքելյանի անազատության մեջ գտնվելու փաստը, ում Կոնգրեսը համարում է քաղբանտարկյալ:




























