Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից առեւտրի կետերում կատարված դիտանցումների արդյունքում արձանագրվել է կաթնամթերքի գնի որոշակի թանկացում: Թեեւ վերոնշյալ շուկայում կան մի քանի գերիշխողներ, սակայն, մոնիտորինգի արդյունքներով թանկացել է մասնավորապես «Աշտարակ կաթ» ընկերության արտադրանքը:
Հիմք ընդունելով Հանձնաժողովի մոնիտորինգի խմբի վերլուծությունները, ինչպես նաեւ թեմայի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների հրապարակումները, Հանձնաժողովը որոշել է ուսումնասիրություն սկսել վերոնշյալ շուկայում:
«Աշտարակ կաթ» ընկերությունը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի տեղեկատվություն՝ իր կողմից արտադրվող կաթնամթերքի իրացման ծավալների վերաբերյալ, ինչպես նաեւ հիմնավորումներ՝ շուկայում նկատվող գնային փոփոխություների վերաբերյալ:
Հանձնաժողովը զուգահեռաբար տեղեկատվություն է պահանջել նաեւ խոշոր առեւտրի կետերից՝ կաթնամթերքի ձեռքբերման գների վերաբերյալ՝ պարզելու, թե իրացման որ օղակում է տեղի ունեցել գնաճը:
Նշենք նաեւ, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը մի շարք արտադրատեսակներով կաթնամթերքի շուկայում հանդիսանում է գերիշխող:




























