ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը պետք է օր առաջ ազատ արձակվի, դա կլինի ՀԱԿ-կոալիցիա երկխոսության շարունակության հետագա գրավականը: Այս մասին այսօր` օգոստոսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը:
«Տիգրան Առաքելյանը պատանդ է պահվում, ինչ-որ փոքր կամ մեծ վրեժխնդրություն կա: Եթե վեց երիտասարդներին ազատ են արձակել, Տիգրանին պահում են, նշանակում է` որոշակի սակարկելու, ճշտելու բան կա, մանր քայլ է: Ակնհայտ է , որ Տիգրանը ազատ է արձակվելու: Եթե իշխանությունների ողջամտությունը հերիքի, սկսված գործընթացը չվիժեցնելու համար, պետք է օր առաջ ազատ արձակեն»,- ասաց նա` հավելելով, որ ՀԱԿ-ը երեք տարի հետեւողականորեն չգնաց երկխոսության քաղբանտարկյալների առկայության պարագայում եւ էական չէ` կլինի մեկ, թե հարյուր մեկ քաղբանտարկյալ:
Ասուլիսի մյուս բանախոսը` քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, որ դեռ մայիսին ինքն ասել էր, որ իրավիճակը սեպտեմբերին կսրվի. «Երկխոսությունը շարունակվելու է, բայց ինչքան մոտենան ընտրությունները, ընդդիմադիր թեւը փորձելու է սրել իրավիճակը: Երկխոսությունը գնում է, եւ յուրաքանչյուր կողմ պետք է փորձի մաքսիմալ դիվիդենտներ շահել ընտրություններից առաջ»,- նշեց նա:
ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ Տիգրան Առաքելյանին անազատության մեջ պահելով` իշխանությունը լուծում է ժամանակ ձգելու խնդիր: «Գարնանն ասում էին ոչ մի ազատ արձակում, ոչ մի համաներում, համաներումը եղավ, հետո ասում էին ոչ մի երկխոսություն, երկխոսությունը եղավ, հետո Գալուստ Սահակյանով ասում էին` ոչ մի պատվիրակություն, պատվիրակությունը եղավ, այսինքն` լինում է այն ինչ-որ Կոնգրեսն է պահանջում»,- նշեց Մանուկ Սուքիասյանը: Նրա խոսքով` Տիգրան Առաքելյանի ազատ արձակվելուց հետո վերսկսած երկխոսությունը հավերժ չի կարող լինել եւ 2-3 ռաունդ հետո ակնհայտ է լինելու` կան արդյունքներ, թե` ոչ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ը առկախում է բանակցություններին իր մասնակցությունը եւ կվերադառնա երկխոսությանը միայն Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց հետո, ում Կոնգրեսը համարում է քաղբանտարկյալ:




























