Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգեւների արժանացած աշակերտներին, «Մենք ենք տերը մեր Անկախության» թեմայով շարադրության մրցույթի եւ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի մրցանակակիրներին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է ՀՀ նախագահի նստավայրում արդեն ավանդական դարձած հանդիպման մասնակիցներին, նշելով, որ մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթը մեզանում արդեն մեծ համարում է ձեռք բերել, եւ հաղթողներն էլ քիչ չեն: Սերժ Սարգսյանը շնորհավորել է առարկայական միջազգային օլիմպիադաներում հաղթողներին, ընդգծելով, որ նրանք ուղեցույց են դառնում իրենց շատ հասակակիցների, այդ թվում նաեւ՝ «Կենգուրու» մրցույթի հաղթողների համար:
«Ինձ համար ավելի թանկ բան չկա, քան Հայաստանում տեսնել խելացի նոր սերունդ: Համոզված եղեք, որ այս հանդիպումը ինձ համար էլ է շատ կարեւոր: Ես ցանկանում եմ հնչեղություն հաղորդել ձեր լավ գործերին, որովհետեւ եթե մեր հասարակության յուրաքանչյուր անդամ իր գործը կատարի այնպես, ինչպես դուք եք կատարում, ապա մենք մի քանի քայլ արդեն առաջ կլինեինք այնտեղից, որտեղ հիմա ենք:
Ցանկանում եմ, որպեսզի ձեր հասակակիցները ձեզ այստեղ տեսնեն, որպեսզի նրանց մոտ ցանկություն առաջանա ձեզնից հետ չմնալու: Ցանկանում եմ, որպեսզի ձեր օրինակը լինի վարակիչ:
Ցանկանում եմ, որպեսզի մեր հասարակության մեջ կարեւորվեն կիրթ եւ մտածող մարդիկ՝ այնպիսին, ինչպիսին մեր շախմատիստներն են: Մենք ձեզ հետ միասին նաեւ պետք է պայքարենք այդպիսի հասարակության համար: Մենք ունենք շատ լավ երեխաներ, շատ լավ երիտասարդներ, որոնց դաստիարակման հիմնական հոգսը ընտանիքների վրա է, բայց մենք պետք է կարողանանք բարձրացնել նաեւ դպրոցի, արտադպրոցական հաստատությունների դերը:
Ապրե´ք: Շարունակե´ք նույն ոգով: Վստա´հ եղեք, որ տքնաջան աշխատանքը միշտ արդյունք է տալու: Ձեզնից յուրաքանչյուրը կարող է ասել՝ այո՛, Հայաստանը ես եմ: Մեկ անգամ եւս բոլորիդ շնորհավորում եմ, շնորհակալություն եմ հայտնում եւ ձեր ապագա հաջողությունների ակնկալիքով ձեզ մաղթում եմ առողջություն, ջանասիրություն»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքից հետո, «Մենք ենք տերը մեր Անկախության» թեմայով շարադրության մրցույթի հաղթողներից մի քանիսը ցանկություն են հայտնել ՀՀ նախագահի համար հատվածներ ընթերցել իրենց շարադրություններից, իսկ 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադայի մրցանակակիր աշակերտները իրենց տպավորություններն են ներկայացրել օլիմպիադայից:
Նախագահ Սերժ Սարգսյանը նվերներ է հանձնել 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգեւների արժանացած աշակերտներին: Հանդիպման բոլոր մյուս մասնակիցները հուշանվերներ են ստացել:
2011թ. միջազգային առարկայական օլիմպիադայի հաղթողներին եւ Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված «Մենք ենք տերը մեր Անկախության» թեմայով շարադրության մրցույթի մրցանակակիրներին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնել է խրախուսական շնորհակալագրեր: «Կենգուրու-2011» մրցույթի միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի բացարձակ հաղթող Արաքսի Գասպարյանը պարգեւատրվել է ոսկե մեդալով եւ հավաստագրով, իսկ յուրաքանչյուր մարզում եւ տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտները՝ հավաստագրերով:
Սերժ Սարգսյանը երեխաներին հրաժեշտ տալուց հետո, դուրս է եկել ՀՀ նախագահի նստավայրից եւ շնորհավորել ու շնորհակալություն հայտնել նստավայրի մոտ հանդիպման մասնակից երեխաներին սպասող ծնողներին եւ ուսուցիչներին: «Ինձ համար ամենակարեւոր հաղթանակը գիտելիքով ձեռք բերված հաղթանակն է»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարի հետ լուսանկարվելուց հետո, երեխաները նաեւ շրջայց են կատարել ՀՀ նախագահի նստավայրում:



























