Ալժիրը, որը մինչ օրս չի ճանաչել Լիբիայի ազգային անցումային խորհրդի լեգիտիմությունը, իր տարածք է թողել Քադաֆիի ընտանիքի որոշ անդամների, որպեսզի այնուհետեւ նրանք այլ պետություն գնան, այդ մասին հաղորդում է «Ֆրանսպրեսս» գործակալութունը` վկայակոչելով Լիբիայի անցումային ազգային խորհրդի ներկայացուցիչ Մահմուդ Շամմանին (Mahmoud Shamman):
Ալժիրի ԱԳՆ-ն նախօրեին հայտնել է, որ Մուամար Քադաֆիի կինը` Սաֆիան, նրա աղջիկ Աիշան (9 ամսական հղի է), որդիներ Մուհամեդը եւ Հանիբալը իրենց երեխաների հետ մտել են Ալժիրի տարածք` հատելով ալժիրա-լիբիական սահմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մուամար Քադաֆին ունի յոթ որդի եւ մեկ դուստր:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը` վկայակոչելով համաշխարհային լրատվամիջոցները, Քադաֆիի 29-ամյա որդին` Սաիֆ ալ-Արաբը, մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը զոհվել է ՆԱՏՕ-ի ռմբակոծման հետեւանքով: Նրա հետ միասին զոհվել են Քադաֆիի երեք թոռները:
Քադաֆիի ճակատագրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:



























