Սեպտեմբերի 1-ին երեխային դպրոց ուղարկելու նախապատրաստական նվազագույն անհրաժեշտ ծախսը 55 հազ. դրամ է: Այս հաշվարկների աղբյուրը «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնն է:

Ըստ այդ կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի` այդ 55 հազարից 38 հազարը գրասեղանի (25 հազ. դրամ) եւ բջջայինի (13 հազ. դրամ) ձեռքբերումն է, իսկ առանց այդ ծախսերի 17 հազ. դրամն էլ բավական է: Վերջինս ներառում է կոշիկը (4 հազ. դրամ), վերնազգեստը (3 հազ. դրամ), պայուսակը (4 հազ. դրամ), գրենական պիտույքները (3 հազ. դրամ), այլ ծախսեր (3 հազ. դրամ):

Ինքը, Ա. Ադիբեկյանը, իր 11-ամյա աղջկան դպրոց ուղարկելու նախօրեին ծախսել է մոտ 12 հազ. դրամ:

NEWS.am-ը փորձեց Ֆիրդուսիի տոնավաճառում եւ հարակից խանութներում ճշտել, թե իրականում ինչ արժեն աշակերտական հագուստներն ու գրենական պիտույքները: Ամառային կոշիկ աղջկա համար կարելի է ձեռք բերել նույնիսկ 2 հազ. դրամով, կան տարբերակներ 3-4 հազ. դրամի սահմաններում, սակայն դրանք որակյալ կոշիկներ համարել չի կարելի: Շատ թե քիչ որակյալ կոշիկները, որ նույնիսկ կաշվից էլ չեն, սկսում են 5 հազ. դրամից:

Աշակերտական բամբակյա վերնաշապիկը տղայի համար արժե 3 հազ. դրամ, աղջկա համար` սկսում է 3.5 հազ. դրամից: Նշենք, որ Ա. Ադիբեկյանի հաշվարկներում 3 հազ. դրամը ներառում էր նաեւ տաբատի եւ կիսաշրջազգեստի ծախսը:

Գրենական պիտույքների գները տարբեր են, գրեթե նախորդ տարվա մակարդակին: Օրինակ` 12 էջանի տետրերն արժեն 30 դրամ, ընդհանուր տետրերի գները սկսում են 150 դրամից:

Սակայն պետք է հաշվի առնել, որ երեխային դպրոց ուղարկելու համար պետք է ոչ թե 1 վերնաշապիկ, այլ գոնե երկուսը, անհրաժեշտ է նաեւ մարզական հանդերձանք, աշնանային հագուստ եւ այլն: Մի խոսքով` «ի՞նչ արժե սեպտեմբերը» հարցադրումը շարունակում է ակտուալ մնալ դպրոցական տարիքի երեխաներ ունեցող ընտանիքների մեծամասնության համար: