Տարվա ընթացքում Հայաստանի մայր բուհում ոչ մի դասախոս չի ազատվել աշխատանքից կաշառք վերցնելու համար: Այդ մասին օգոստոսի 30-ին կայացած ասուլիսում հայտնել է Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը` հավելելով, որ կաշառակերության մեղադրանք ներկայացնում է ոչ թե ԲՈՒՀ-ի ղեկավարությունը, այլ համապատասխան մարմինները:
Ինչ վերաբերում է կաշառակերության դեմ պայքարին, ապա, Սիմոնյանի խոսքով, կա կառավարության համապատասխան ծրագիր, որի համաձայն` ԵՊՀ-ն մշակել է իր հակակոռուպցիոն ծրագիրը, որը գործում է արդեն մի քանի ամիս: ԲՈՒՀ-ում նաեւ ձեւավորվել է ուսանողներից բաղկացած աշխատանքային խումբ, որը մոնիթորինգ է անցկացնում:
Հակակոռուպցիոն միջոցառումների առումով, Սիմոնյանը նշել է, որ ԵՊՀ կիսամյակային եւ պետական քննություններն անցկացվում են բաց ձեւով, եւ ցանկացած ուսանող եւ դասախոս կարող է ներկա լինել քննությանը, որը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը:
Միաժամանակ ԵՊՀ ռեկտորը չի ժխտել համալսարանում կաշառակերության առկայությունը. «Անցկացվող միջոցառումների արդյունքներից գոհ կլինենք այն ժամանակ, երբ նման երեւույթները քչանան: Կարեւոր է, որ մենք գիտակցում ենք նման միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը եւ չենք քողարկում այդ ոլորտում խնդրի առկայությունը: Ամենակարեւորն այն է, որ համալսարանի դասախոսներն ու ուսանողները գիտակցում են, որ կաշառակերությունը վատ երեեւույթ է եւ կարող է կորստաբեր լինել մեր ԲՈՒՀ-ի համար»:


























