Թայվանի զինված ուժերը երկուշաբթի օրը արձանագրել են Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (ՉԺԱԲ) 26 ինքնաթիռների եւ չորս նավերի մոտենալը կղզուն, վկայում է Թայվանի պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկանքը։
«Հոկտեմբերի 10-ի ժամը 17:00-ի դրությամբ Թայվանի զինված ուժերը Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի 26 ինքնաթիռների եւ 4 նավերի գործունեություն են արձանագրել Թայվանի մերձակա ծովային եւ օդային տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ութ ինքնաթիռ, այդ թվում՝ վեց J-16 կործանիչ, հականավային մեկ Y-8 ինքնաթիռ եւ ռադիոէլեկտրոնային հետախուզման մեկ Y-8 ինքնաթիռ, հատել են Թայվանի նեղուցի այսպես կոչված «միջին գիծը»։
Գերատեսչության տվյալներով՝ Թայվանն օդային պարեկ է ուղարկել իրավիճակը վերահսկելու համար, ռադիոնախազգուշացումներ է տվել եւ զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել։




























