Հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը պատճառ չի տեսնում մոտ ապագայում ամերիկյան տնտեսության աճի համար եւ կանխատեսում է եւս մեկ խոշոր փլուզում ֆոնդային բորսայում: Նրա խոսքով, ֆինանսական շուկաները վերադարձել են նորմալ հուն, իսկ համաշխարհային տնտեսությունը վերականգնվել է շոկից, սակայն ճգնաժամի պատճառների գիտակցումը դեռ երկար ժամանակ կպահանջի, իսկ խնդիրների հիմնական աղբյուրը ԱՄՆ-ն է:
«Դա այն երկիրն է, որտեղ քառորդ դար սպառողները ծախսել են ավելին, քան վաստակել են, որտեղ ընթացիկ գործառնությունների հաշվի դեֆիցիտը հասել է ՀՆԱ 6,5 տոկոսի: Դա կարող է հետագայում եւս շարունակվել, չէ՞ որ մյուս երկրներին ձեռնտու է առեւտրային հաշվեկշռի մշտական պրոֆիցիտ ունենալ եւ ֆինանսավորել մեր դեֆիցիտը: Իսկ ամերիկյան տնային տնտեսությունները հավաքել են շատ մեծ պարտքեր եւ երկար ժամանակ է պետք, որպեսզի նրանք սովորեն ապրել իրենց միջոցներին համապատասխան»,- ասել է նա ու հավելել, որ ԱՄՆ բանկային համակարգը ուղղակի սնանկացել է: Հիմա նա հասել է հատակին եւ նոր-նոր սկսում է վեր մագլցել: Ճիշտ է, դա անում է շատ արագ` բանկերը բանկերը վերցնում են փաստացի անտոկոս ավանդներ եւ ձեռք են բերում 10-ամյա պետական պարտատոմսեր` 3,5 տոկոս տոկոսադրույքով: Սա հրաշալի եղանակ է փող վաստակել առանց ռիսկի:
«Վերջապես, կա նաեւ անշարժ գույքի կոմերցիոն ոլորտը,. Որի վնասները դեռ մինչեւ հիմա հաշվարկված չեն»,- ընդգծել է Սորոսն ու շարունակել, որ չի բացառվում, որ նոր ֆոնդային փլուզում տեղի ունենա: Նրա խոսքով, շատերի մոտ հույս է առաջանում, որ այս ճգնաժամի վերականգնումը կգնա V-աձեւ ուղիով, սակայն այդ հույսերը կարող են չարդարանալ:




























