Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների միջամտությունն իրավապահ մարմինների աշխատանքին ինքնին օրենքի խախտում է, այնպես որ պետք չէ կուրծք ծեծել։ Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով օգոստոսի 9-ին  ՀԱԿ ակտիվիստների եւ իրավապահների միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպին։

«Իհարկե, մենք էլ ենք մտածում, որ երիտասարդներ են, փորձության ճանապարհով են անցել, օրենքի առանձին հոդվածներ կան, որոնք հնարավորինս մեղմ դրսեւորումներ կարող են ունենալ։ Սակայն դա դատարանի խնդիրն է եւ ոչ թե կոալիցիայի կամ ՀԱԿ-ի։ Սակայն մենք ինքներս էլ բազմիցս հայտարարել ենք, որ որեւէ խտրականություն չի լինելու»,- հավաստիացրեց Գալուստ Սահակյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները օգոստոսի 9-ին բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին:

Հելսինկյան Ասոցիացիայի փոխանցմամբ, Կարապի լճի մոտ երիտասարդները մոտեցել են ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի անցորդների: Երիտասարդները պահանջել են հիմնավորել իրենց գործողությունները, որից հետո էլ հենց ոստիկանները բռնություն են գործադրել եւ ծեծի ենթարկել երիտասարդներին: ՀԱԿ-ը ձերբակալություններն անհիմն է համարում։

Նշենք, որ ներկայումս անազատության մեջ է միայն Տիգրան Առաքելյանը, ում Վերաքննիչ քրեական դատարանը հրաժարվել է ազատ արձակել, իսկ մյուս ակտիվիստներին ազատ են արձակել ստորագրությամբ: