Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով, «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Ձոնիկ

Մարգարյանը։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարության կայքից, Ձոնիկ

Մարգարյանը հաղթահարելով Արդարադատության նախարարության «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։

«Մարգարյանը 2021 թ.-ից իր մասնագիտական ներուժն ու գիտելիքները ներդրել է Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների զարգացման գործում։

2021 թվականին «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2022 թվականի ապրիլից հանդիսացել է «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը։

Շնորհավորում ենք պարոն Մարգարյանին եւ մաղթում բեղմնավոր աշխատանքային գործունեություն եւ ներուժ՝ շարունակելու իրեն վստահված կազմակերպության զարգացման գործը»,– ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ  Ձոնիկ Մարգարյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հայրն է։