Երեւանի երեք բակերում` Կողբացի-Պուշկին, Նալբանդյան 104, Աբովյան-Սայաթ Նովա եւ Աբովյան-Թումանյան, կյանքի-մահու պատերազմ է: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:

«Ռաժոկով մտցրած շենքեր են, եթե երկու մետր արանք կա, բակում մի փոքր տեղ կա, ուրեմն պետք է բարձրահարակ շենք կառուցեն»,- նշեց նա` հավելելով, որ Երեւանի կենտրոնում այլեւս ապրելու հնարավորություն չկա: Ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը նշեց, որ Երեւանը կտրուկ փոխել է սոցիալ-տնտեսական կազմը, քաղաքը դարձել է ոչ երեւանցիների համար:

«Մեր հանրապետությունը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, մեր հանրապետությունը չի կոչվում Հայաստանի էլիտար Հանրապետություն: Մենք հազար ու մի սոցիալական հարց ունենք լուծելու, բայց շենքեր ենք ներկում, Երեւանը ունի լուրջ քաղաքաշինական խնդիրներ»,-նշեց ճարտարապետը:

Նրա խոսքով` ճարտարապետները չեն որոշում քաղաքի կերպարը, «նրանք կատարող են դարձել դերձակի նման»: «Էկոլոգիական – հասարակական դաշինք»  ՀԿ համակարգող Սիլվա Ադամյանը եւս ահազանգեց, որ քաղաքը կորցնում է իր դեմքը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ավելի քան 20 հ/կ-ների հետ  ստորագրահավաք են կազմակերպել քաղաքի համար կարեւոր էկոլոգիական հարցերի վերաբերյալ, դիմել են պատկան մարմիններին, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել: