Երեւանի կենտրոնում այսօր գործում է 17 հյուրանոց, եւս 3-4-ը նախատեսվում է: Քաղաքը դրա կարիքն ունի՞, թե՞ ոչ, որքանո՞վ  է  նպատակահարմար հանրապետության հրապարակում 7 հարկանի հյուրանոց կառուցել:

Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:  Նրա խոսքով` դա հակաէկոլոգիական է եւ  ազգային անվտանգության խնդիր է: Մետրոյի մոտ հյուրանոց կառուցելով` այդ տարածքում անընդհատ վիբրացիա է լինելու. «Ո՞րտեղ են կայանելու մեքենաները»,- հարցնում է Կարինե Դանիելյանը` հավելելով, որ կոմունիկացիաների, փողոցների ծանրաբեռնվածության է առաջանալու: Հրապարակում կառուցվելիք հյուրանոցի խնդրի վերաբերյալ նրանք պահանջում են լսումներ:

Բնապահպանը նկատեց, որ մայրաքաղաքի նախկին գլխավոր ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը, պաշտոնից հրաժարական տվեց միայն այն պատճառով, որ դեմ էր քաղաքաշինական նման շահադիտական նորմերին:

Ասուլիսի մյուս բանախոսը` ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը եւս դեմ է հանրապետության հրապարակում հյուրանոց կառուցելուն: «Մենք նորից ոտնձգություն ենք անում հանրապետության հրապարակներից մեկի, եթե ոչ ամենակարեւորի ժառանգության վրա: Մյուս կողմից հասկանալի չէ, թե ինչ քմահաճույքի հարց է այդտեղ կառուցել հյուրանոց»,- նշեց նա` հավելելով, որ  հյուրանոցի կառուցվելու դեպքում այդտեղ տրանսպորտի ծանրաբեռնվածության խնդիր կառաջանա: «Մեկ կանաչ տարածքներում են հյուրանոց կառուցում, մեկ` բակերում, մեկ էլ` հրապարակներում, սխալ սխալի ետեւից»,- նշեց նա:

Նշենք, որ Հանրապետության Հրապարակում նախատեսվում է կառուցել 7 հարկանի հյուրանոց, որն իր տարածքում կներառի նաև շատրվանների տարածքը: Արդեն առկա է Կառավարության համապատասխան որոշում եւ այն անցել է քաղաքաշինական խորհրդի նիստով: