Հազարավոր թունիսցիներ շաբաթ օրը բողոքի ցույց են անցկացրել երկրի մայրաքաղաքում՝ դատապարտելով նախագահ Քայս Սայեդի կողմից իշխանության զավթումը եւ պատասխանատվություն պահանջելով երկրի տնտեսական ձգձգվող ճգնաժամի համար, հաղորդում է AFP-ն:
Թունիսի կենտրոնում ցուցարարները վանկարկել են «Հեռացի՛ր», «Հեղափոխություն բռնապետ Քայսի դեմ» եւ «Հեղաշրջում չի լինի»։
Երթը կազմակերպել է Ազգային փրկության ճակատը՝ ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան, ներառյալ Ennahdha-ն, որը գերակշռում էր Թունիսի խորհրդարանում մինչեւ այն ցրվեց Սայեդի կողմից:
Թունիսի նախկին վարչապետ եւ Ennahdha-ի բարձրաստիճան պաշտոնյա Ալի Լաարաեդը AFP-ին ասել է, որ բողոքի ցույցը «զայրույթի արտահայտություն էր Քայս Սայեդի օրոք տիրող իրավիճակի նկատմամբ»: «Մենք նրան ասում ենք, որ գնա»։
Սայեդի կողմից իշխանության զավթումը ողջունել են որոշ թունիսցիներ, որոնք հոգնել են,ինչպես իրենք են ասում, քմահաճ եւ կոռումպացված համակարգից, որը ստեղծվել է 2011 թվականին հանգուցյալ բռնապետ Զին ալ Աբիդին Ալիին տապալած հեղափոխությունից հետո:
Սակայն վատթարացող տնտեսական իրավիճակը, որը խորացել է մատակարարումների անբավարարությունից, շատերին է ցնցել 12 միլիոն բնակչություն ունեցող երկրում:
Եթե Սայեդը մնա, «Թունիսը ապագա չի ունենա», ասել է Լաարաեդը՝ վկայակոչելով աճող հուսահատությունը, աղքատությունը եւ գործազրկությունը:
Ազգային փրկության ճակատը հայտարարել է, որ բոյկոտելու է դեկտեմբերին կայանալիք քվեարկությունը՝ սահմանափակ լիազորություններով նոր խորհրդարան ընտրելու համար:
Նրա ցուցարարներից մի քանիսը տարել են դատարկ տարաներ, որոնք խորհրդանշել են ջրի գնի աճը ինֆլյացիայի պատճառով, որը սեպտեմբերին հասել էր 9,1 տոկոսի:
«Ոչինչ չի անում, եւ ամեն ինչ միայն վատանում է»,- ասել է Սուադը, որը 60-ն անց թոշակառու է եւ մասնակցել է ցույցին:
Սայեդը հրապարակային ելույթներում հայտարարել է, որ աշխատում է «շտկել» այն տնտեսական խնդիրները, որոնք ժառանգել է Թունիսի ղեկավարությունից Բեն Ալիի իշխանությունից հետո:
Կանխիկ փողերի կարիք ունեցող Թունիսը մոտ 2 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու մասին բանակցություններ է վարում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։





























