2011 թ.-ին նախատեսվում է համախառն ներքին արդյունքի 4,6 տոկոսանոց աճ: Այս մասին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ժամանակ, ներկայացրելով Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, կառավարության առաջիկա ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով մեր երկրում արձանագրվող գնաճին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը 10 տոկոսանոց գնաճային փուլից արդեն իսկ մուտք է գործել 5 տոկոսանոց փուլ, որը 2012 թ.-ի ընթացքում կստեղծի գնաճի զսպման ավելի բարենպաստ պայմաններ:
Խոսելով կառավարության առաջնահերթ ծրագրերի մասին՝ վարչապետը նշել է, որ դրանց թվում է բիզնես միջավայրի բարելավման գործընթացը: Այս տարվա ընթացքում գործադիրի կողմից այդ ուղղությամբ իրականացվել են կարեւորագույն միջոցառումներ, մասնավորապես, հարկային, մաքսային վարչարության զարգացման, էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի ներդրման առումով, որոնք պետք է էապես նվազեցնեն հարկային տեսուչների շփումը բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ:
«Այսօր Հայաստանում 15 րոպեի ընթացքում հնարավոր է գրանցել ձեռնարկություն էլեկտրոնային եղանակով: Սա բիզնես միջավայրի բարելավման կարեւորագույն գործոններից մեկն է», - նշել է վարչապետը: Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հաջորդ ուղղությամբ` Եվրամիության հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակներում կատարվում է մաքսային գործառույթների համապատասխանեցում եվրոպական լավագույն չափանիշներին, մտավոր սեփականության պաշտպանության գրանցման համակարգի ներդրում եւ այլն:
Վարչապետը տեղեկացրել է դիվանագետներին, որ մեր երկրում առաջին անգամ մշակվում է արդյունաբերական քաղաքականության վերաբերյալ հայեցակարգ եւ դրա իրականացման ծրագիր: Նրանում կներկայացվի Հայաստանի մոտակա 10 տարիների տնտեսական կառուցվածքը՝ բացահայտելով առկա ներուժը, հարաբերական առավելություններն ու դրանք սահմանափակող գործոնները:




























