Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում այն կարծիքը, որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին: Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, թե «Ղարաբաղը մասնակցում է բանակցություններին»:
«Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացի մեկ հատվածում` դա նախագահների, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներն են: Բանակցային գործընթացը շատ ավելի լայն է եւ Մինսկի խմբի համանախագահողների հետ Ղարաբաղը լիարժեք բանակցությունների մասնակցում է եւ բանակցային գործընթացի մասնակից է:
Եվ իհարկե պետք է խոսենք Ղարաբաղի լիարժեք մասնակցության մասին: Նախագահների բանակցային գործընթացում Ղարաբաղի շահերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության նախագահը: Օրինակ, իմ ժամանակ, բոլոր հարցերն ուղղակի մանրակրկիտ քննարկում էի եւ համաձայնեցնում էի այն ժամանակվա գործող նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Ըստ էության, նու կարելի է ասել ինչ որ չափով ստիպված, պատվիրակված խնդիր էր: Բայց սա է իրավիճակը: Կասկած չունեմ, որ Ղարաբաղը լիարժեք մասնակցելու է բանակցություններին: Թե ինչքան երկար դա կտեւի, դժվար է հիմա դա գուշակել: Գիտեք, մի պահ եղել ենք բավական մոտիկ: Մի բան ակնհայտ է, որ նորագույն պատմության մեջ նման կարգի լուծված հարցերը բոլորը լուծվել են ի օգուտ ինքնորոշվող ժողովրդի: Անխտիր բոլորը»,- հայտարարել է Քոչարյանը:
Վերջինիս կարծիքով, ժամանակը աշխատում է Հայաստանի օգտին: «Բայց, պետք չէ մտածել, որ Ղարաբաղը ճանաչվելուց հետո կյանքը կտրուկ է փոխվելու: Գիտեք, պետք է ապրել այնպես, համարելով, որ դա վաղուց եղած է: Մեր անկախության ճանաչման համար ինչ որ մեկի կնիքի կարիքը մենք չունենք: Փաստը կատարվել է, պետք է ապրել լիարժեք, աշխատել, ամրացնել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: Իսկ այդ ամենը կգա, մեր հերթն էլ կգա»,- նշել է նա:
Քոչարյանը նշել է, թե հետեւում է իհարկե Արցախի կյանքին եւ տարեցտարի լուրջ առաջխաղացում է տեսնում: «Բայց մարտահրավերներն այսօր Արցախի առաջ այնպիսին են, որ գիտեք, ուղղակի իրավունք չունենք ասելու, որ գոհ ենք իրավիճակից: Ուղղակի վտանգավոր եմ համարում այն պահը, որ նստենք ու ասենք, որ գոհ ենք իրավիճակից»,- ասել է նա:




























