«Աշտարակ կաթ» ընկերությունը պարզաբանումներ է ներկայացնում սեփական արտադրության որոշ ապրանքատեսակների գների բարձրացմանը վերաբերող մամուլի հրապարակումների վերաբերյալ:
«Աշտարակ կաթ» ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընկերությունը, սերտորեն համագործակցելով կաթ մթերող 6000-ից ավելի ֆերմերների եւ գյուղացիական տնտեսությունների հետ, նրանցից 2011-ի ընթացքում կաթ է մթերել մոտ 35%-ով ավելի բարձր գնով, քան 2010 թ. նույն ժամանակաշրջանում:
«Անգամ հաշվի առնելով սեզոնային որոշ տատանումներ, որոնք առկա են ամեն տարի (թե աճի, թե նվազման ուղղությամբ), նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մթերման գնի նշված աճը մշտապես պահպանվել է նույն մակարդակի վրա: Գաղտնիք չէ նաեւ, որ այդ ժամանակահատվածում 10-50%-ով աճել են ներկրվող հումքի, փաթեթավորման նյութերի եւ վառելիքի գները: Հատկանշական է, որ ինքնարժեքի նման կտրուկ աճը երկար ժամանակ չի արտացոլվել «Աշտարակ կաթ» ընկերության արտադրատեսականու գների վրա: Պատճառն այն է, որ ընկերությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահել իր սպառողների շահերը, գների կայունությունը պահպանելով զուտ իր շահույթի նվազեցման հաշվին, իսկ որոշ դեպքերում նաեւ` վնասներ կրելով:
Կաթնամթերքի ինքնարժեքի նման կտրուկ բարձրացման պայմաններում գների անխուսափելի բարձրացման ցավոտ հետեւանքները հնարավորինս մեղմելու համար «Աշտարակ կաթ» ընկերությունը նախընտրեց իր արտադրանքի գների վերանայումն իրականացնել որոշակի փուլերով: Ընդ որում, ընկերության արտադրանքի գների ներկայիս որոշակի աճը շարունակում է համարժեք չլինել կաթնամթերքի ինքնարժեքի բարձրացմանը:
«Աշտարակ կաթը» հանդիսանալով հայրենական արտադրող եւ խոշոր հարկատու ընկերություն` այսուհետ եւս ջանք չի խնայելու տեղական արտադրության զարգացմանը նպաստելու գործում` միեւնույն ժամանակ շարունակելով հաշվի առնել թե’ սպառողների, թե’ գործընկերների, եւ թե’ ընկերության շահերը»,- ասված է ընկերության պարզաբանման մեջ:




























