Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանին մեղադրել է Թայվանի հարցում ստատուս-քվոն խախտելու մեջ, տեղեկացրել է Bloomberg-ը։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հավաստիացնում է, որ հենց Պեկինը, այլ ոչ թե Վաշինգտոնն է վերջին ժամանակներս փոխել մոտեցումը Թայվանի հարցում։

«Մենք նաեւ հիմնավորապես հավատարիմ ենք մնում «մեկ Չինաստանի» քաղաքականությանը։ Դա չի փոխվել։ Դա չի փոխվի։ Վերջին տարիներին փոխվել է Պեկինի մոտեցումը Թայվանի հարցում։ Հաստատված դրական ստատուս-քվոն պահպանելու փոխարեն [ընդունվել է որոշում] այն մասին, որ ստատուս-քվոն այլեւս ընդունելի չէ»,- ասել է Բլինքենը։

«Մեկ Չինաստան» քաղաքականության համաձայն՝ չի կարելի միաժամանակ ընդունել ե՛ւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, ե՛ւ Չինաստանի Հանրապետությունը Թայվանում։ Վաշինգտոնը չի ընդունում Թայվանի անկախությունը, բայց եւ պահպանում է ոչ պաշտոնական կապերը կղզու հետ եւ ամեն տեսակ աջակցություն է ցուցաբերում, այդ թվում՝ ռազմական։

Թայվանի հարցը բաց է մնում 1949-ից, երբ մայրցամաքում հռչակվեց կոմունիստական Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, իսկ մինչ այդ երկրում կառավարող Գոմինդան կուսակցությունը փախավ Թայվան։ 2022թ. իրավիճակը տարածաշրջանում սրվեց ամերիկյան պատվիրակությունների Թայվան այցելությունների պատճառով։