Ավստրալիան հայտարարել է, որ այլեւս չի ճանաչի արեւմտյան Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք։ Քաղաքականության այս փոփոխությունը սուր հանդիմանություն է առաջացրել հրեական պետության կողմից, մինչդեռ պաղեստինցիները ողջունել են այն, հայտնում է AFP-ն։

Արտաքին գործերի նախարար Փենի Վոնգն ասել է, որ քաղաքի կարգավիճակը պետք է որոշվի իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցություններում՝ չեղյալ համարելով նախորդ պահպանողական կառավարության վիճահարույց որոշումը:

2018 թվականին Ավստրալիայի այն ժամանակվա վարչապետ Սքոթ Մորիսոնը հետեւել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրինակին եւ միակողմանիորեն ճանաչել արեւմտյան Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք։

Այդ քայլը բացասական արձագանք է առաջացրել Ավստրալիայում եւ հակամարտություն հարեւան Ինդոնեզիայի՝ աշխարհի ամենախիտ բնակեցված, մահմեդական մեծամասնություն ունեցող երկրի հետ, որը ժամանակավորապես խաթարել է ազատ առեւտրի երկկողմ համաձայնագիրը:

«Ես գիտեմ, որ այդ որոշումը հակամարտություն եւ տառապանք է առաջացրել ավստրալական համայնքի մի մասի համար, եւ կառավարությունն այսօր փորձում է լուծել այդ խնդիրը»,- ասել է Վոնգը:

Երուսաղեմին հավակնում են ինչպես իսրայելցիները, այնպես էլ պաղեստինցիները, սակայն կառավարությունների մեծ մասը խուսափում է այնտեղ դեսպանատներ տեղակայել:

«Մենք չենք աջակցի այն մոտեցմանը, որը խափարում է» երկու պետությունների ստեղծման լուծումը, ասել է Վոնգը՝ հավելելով. «Ավստրալիայի դեսպանատունը միշտ եղել եւ մնում է Թել Ավիվում»։

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը քննադատել է այդ քայլը: «Մենք կարող ենք միայն հուսալ, որ Ավստրալիայի կառավարությունն ավելի լուրջ եւ պրոֆեսիոնալ կերպով կզբաղվի այլ հարցերով»,- ասել է նա:

Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրեն Ալիզա բեն Նոունը կանչել է Ավստրալիայի դեսպան Փոլ Գրիֆիթսին, որպեսզի արտահայտի իր երկրի «խորը հիասթափությունը» եւ բողոքը Կանբերայի «անսպասելի որոշման» հանդեպ։ Նրա խոսքով՝ «այդ քայլը կխրախուսի ծայրահեղականությունը եւ կվտանգի տարածաշրջանային կայունությունը»։

Իսրայելը բռնակցել է Արեւելյան Երուսաղեմը 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո եւ ամբողջ քաղաքը հայտարարել է իր «հավերժական եւ անբաժանելի մայրաքաղաք»: Պաղեստինցիները պնդում են, որ արեւելյան հատվածն իրենց ապագա պետության մայրաքաղաքն է։

Պաղեստինի քաղաքացիական գործերի նախարար Հուսեյն Ալ-Շեյխը ողջունել է Կանբերայի այդ քայլը՝ որպես «հաստատում», որ Երուսաղեմի կարգավիճակը կախված է բանակցությունների արդյունքից։ ՀԱՄԱՍ-ը դա անվանել է «ճիշտ ուղղությամբ քայլ»:

Ինդոնեզիան նույնպես ողջունել է այս որոշումը։ «Մենք հուսով ենք, որ այս քաղաքականությունը դրական ներդրում կունենա պաղեստինա-իսրայելական խաղաղության բանակցություններում»,- հայտարարել են երկրի ԱԳՆ-ում։

Վոնգը պնդել է, որ որոշումը, որն ունի սահմանափակ գործնական նշանակություն, չի ազդարարում Իսրայելի նկատմամբ քաղաքականության կամ թշնամանքի որեւէ ավելի լայնփոփոխության մասին: «Ավստրալիան միշտ կլինի Իսրայելի իսկական բարեկամը: Մենք առաջին երկրներից էինք, որոնք պաշտոնապես ճանաչեցին Իսրայելը»,- ասել է նա: