Ավստրալիայի Վիկտորիայի շրջանում գտել են ամենահայտնի գանգստեր Նեդ Քելիի մնացորդները, ում կախաղան են բարձրացրել 130 տարի առաջ: Քելլիի դագաղը գտել են Մելբուռնի ոչ հեռու գտնվող Փենթրիջ բանտի մոտ` եղբայրական գերեզմանում:
Գանգստերի մասին կարծիքները շատ բազմազան են: Մի մասը նրան համարում է անխիղճ մարդասպան եւ ավազակ, իսկ մյուս մասը` ավստրալացի Ռոբին Հուդ` աղքատների եւ թույլերի պաշտպան, բրիտանացի գաղութարարների դեմ պայքարի խորհրդանիշ:
Իռլանդացի աղքատ ներգաղթյալ Քելլին, ով ընտանիքի հետ աքսորվել էր Ավստրալիա, դարձել էր ավազակախմբի պարագլուխ եւ մի քանի աղմկոտ կողոպուտ իրականացրել: Ըստ ավանդույթի նա հատուկ զրահաբաճկոն էր կրում, որը պատրաստված էր մետաղի կտորներից:
25-26 տարեկան հասակում Նեդը կախաղան է բարձրացվել երեք ոստիկանների սպանելու համար: Ավստրալացի «Ռոբին Հուդի» բուռն կյանքը ոգեշնչել է բազմաթիվ գրողների ու կինոռեժիսորների:




























