Գեոքաղաքական նման լարված իրավիճակում փոխել անվտանգային համակարգը՝ վտանգավոր է։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը։
Ըստ կուսակցապետի՝ Հայաստանը պետք է իրականացնի բազմավեկտոր քաղաքականություն՝ համագործակցելով բոլոր հնարավոր կենտրոնների հետ:
«Եթե մեր տարածաշրջանում որեւէ սկզբունքային հարց պետք է կարգավորել, ապա դա կարող է անել միայն անձամբ Ռուսաստանի նախագահը»,- նշել է Թարվերդյանը։ Երվանդ Թարվերդյանը ՀԱՊԿ-ին այլընտրանք չի տեսնում: Ըստ «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավարի՝ Հայաստանն այս տարածաշրջանում պետք է ստեղծի անվտանգային նոր համակարգ համագործակցելով հարեւան-բարեկամ երկրների՝ նաեւ ԱՄՆ, եվրապական այլ երկրների հետ:
Երվանդ Թարվերդյանը նշել է, որ պետության անվտանգությունը ոչ միայն ռազմական բաղադրիչ ունի, այն պայմանավորված է նաեւ կայուն եւ զարգացող տնտեսությամբ:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին եւ խորհրդարանական ընդդիմության գործողություններին, Երվանդ Թարվերդյանն ասել է, որ բացի խորհրդարանական ընդդիմության բացակայությունն ազգային ժողովի նիստերից, ոչինչ չտվեց: Թարվերդյանի ղեկավարած կուսակցությունն առաջարկում է լինել համախմբված՝ սահմաններն ու հողը պահելու համար: «Ժողովուրդը պետք է համախմբվի իր կրոնի, ավանդույթների, էպոսի շուրջ: Մենք ունենք շատ արժեքներ, որոնց շուրջ կարելի է համախմբվել»։





























