Հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ ատյանում տեղի է ունենալու ջավախահայ ակտիվիստներ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ եղբոր գործով եզրափակիչ դատալսումը:

Իսկ հոկտեմբերի 23-ին կայացել է հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վահագն Չախալյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ, ի նշան Վրաստանի Վերաքննիչ դատարանում իր գործի դատալսման ընթացքում շարունակվող կոպիտ օրինախախտումների նկատմամբ բողոքի,այլեւս հրաժարվել էր ներկա գտնվել դատական նիստերին: Դատական նիստին ներկա «Երկիր» միության փոխանցմամբ, հոկտեմբերի 23-ին ջավախահայ քաղաքական ակտիվիստին բերման էին ենթարկել դատարան, որտեղ նա նորից ներկայացրել է դատավարությանը ներկա չգտնվելու իր պահանջը եւ դուրս եկել դատարանի դահլիճից: Ի նշան Վահագն Չախալյանի որոշման հետ համերաշխության՝ դատարանի դահլիճը լքել են նաեւ նրա հայրը եւ կրտսեր եղբայրը:

Միությունը նաեւ արձանագրում է, որ շարունակվում է խայտառակ ցածր մակարդակով տարվել հայերենից վրացերեն եւ վրացերենից հայերեն թարգմանությունը: Հոկտեմբերի 23-ի դատական նիստին Չախալյանի դատապաշտպան Ստեփան Ոսկանյանը բացարկ է հայտնել թարգմանիչին, որը սակայն դատարանը մերժել է:

Ի դեպ, դատախազը պահանջել է անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի վճիռը, իսկ փաստաբան Զուրաբ Ռոստիաշվիլին պահանջել է արդարացնել Վահագն Չախալյանին, նրա հորը եւ կրտսեր եղբորը: Փաստաբաններ Ստեփան Ոսկանյանը եւ Նինո Անդրիաշվիլին ժամանակ են պահանջել պաշտպանական ճառը պատրաստվելու համար, եւ դատարանը հետաձգել է նիստը մինչեւ հոկտեմբերի 30-ը:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանի վճռով, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, նրա հայրը՝ Ռուբեն Չախալյանը 5,000 լարի (շուրջ 3,000 ԱՄՆ դոլար) տուգանքի, իսկ կրտսեր եղբայր Արմեն Չախալյանը 2,000 լարի (շուրջ 1,200 ԱՄՆ դոլար) տուգանքի: