«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն առայժմ չի տեսնում համաշխարհային տնտեսական ճգնաժամից դուրս գալու նախանշաններ: «Պետք է կարողանանք համբերող լինել, միասնական լինել, հաշտվենք, քանի որ դա միայն մեզանից չի կախված, այլ ամբողջ աշխարհում է այդպես: Միայն մեզանով չենք կարող ճգնաժամից դուրս գալ: Պետք է կարողանանք հանգիստ լինել, բոլորն էլ պատրաստակամ են ինչ-որ լավ բան անելու, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ ու փայլուն կյանքով ապրել»,- հոկտեմբերի 26-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Ի դեպ, վերջինս նաեւ հայտնել է, որ ճգնաժամն իր վրա էլ է ազդել: «Եթե անցյալ տարի 10 մլն շիշ կոնյակ եմ արտահանել, այս տարի 800 հազար շիշ եմ արտահանել: Եթե անցյալ տարի Վրաստանում ես վաճառում էի 50 հազար տոննա ցեմենտ, այս տարի վաճառում եմ 2-3 հազար տոննա, այն էլ` ամենաչնչին գներով, որ կարողանամ իմ աշխատատեղերը պահպանել»,- ասել է Ծառուկյանը:

Դիտարկմանը, թե ՀԲ գործադիր տնօրենը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտում է օլիգարխիկ համակարգը, Ծառուկյանը պատասխանել է. «Նա երբեք ոչ մի բան չի հասկացել: Տնտեսությունը կզարգանա այն ժամանակ, երբ բոլորին հավասարաչափ հնարավորություն տրվի բոլոր ոլորտներում: Երբ մարդիկ աթոռին թառած որոշումներ են կայացնում, այդպես չի կարող լինել: Բոլորին պայմաններ պետք է տրվեն»: