Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման քննադատել է բրիտանական կառավարությանը՝ ասելով, որ Լոնդոնը պետք է դադարեցնի մեղադրել ալբանացիներին իր «քաղաքական ձախողումների» համար՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սուելա Բրավերմանի «խելագար» դատողություններին։

Մի շարք թվիթներում Ռաման ասել է, որ «ալբանացիներին թիրախավորելը (ինչպես ոմանք ամոթալի կերպով անում էին Brexit-ի համար պայքարելիս)՝ որպես բրիտանական հանցավորության եւ սահմանային խնդիրների պատճառ, հռետորաբանություն է, բայց ծանր փաստերն անտեսվում են: Խելագարություն է նույն բաները կրկնելը եւ տարբեր արդյունքներ ակնկալելը»:

Բրավերմանը վեճեր է առաջացրել, երբ նա բրիտանական խորհրդարանին հայտարարել է, որ եթե ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը «իշխանություն լիներ, թույլ կտար բոլոր ալբանացի հանցագործներին գալ այս երկիր»: Նա նաեւ քննադատության է ենթարկվել այն հայտարարությունների համար, որ խախտել է օրենքը՝ Անգլիայի հարավ-արեւելքում գտնվող նախկին ռազմաբազայում ոչ պատշաճ պայմաններում պահելով հազարավոր անօրինական միգրանտների:

Ալբանիայի շուրջ 12 000 քաղաքացիներ այս տարի փոքր նավակներով անցել են Լա Մանշը։

Բայց Ռաման պնդում է, որ Մեծ Բրիտանիա տեղափոխվող ալբանացիների մեծ մասը նախկինում ապրել է եվրոպական երկրներում, ինչպիսիք են Իտալիան եւ Հունաստանը, ավելացնելով, որ «Մեծ Բրիտանիայում ալբանացիները քրտնաջան աշխատում են եւ հարկեր են վճարում»: Նա կոչ է արել Լոնդոնին «պայքարել բոլոր ազգությունների հանցավոր խմբավորումների դեմ», այլ ոչ թե խտրականություն դրսեւորել ալբանացիների նկատմամբ՝ «քաղաքականության ձախողումները արդարացնելու համար»:

Ալբանիայի ղեկավարը նաեւ նշել է, որ «Ալբանիան ՆԱՏՕ-ի երկիր է եւ բանակցություններ է վարում ԵՄ-ին անդամակցելու շուրջ։ Նա նաեւ անվտանգ երկիր է»՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան պետք է վարվի Գերմանիայի պես, երբ նա նման միգրացիոն խնդիրներ ուներ, այլ ոչ թե պատասխանի «հանցավոր հռետորաբանությամբ, որը ի վերջո կհանգեցնի անմեղներին պատժելուն»: