Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մասնակցել է ԼՂ անկախության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ստորեւ ներկայացնում ենք նրա խոսքը` Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի առիթով:

Լուսավոր ու պայծառ օր է այսօր, պարծանքով ու հպարտության զգացումով, հայրենյաց սիրով, նոր հույսերով ու տեսիլքներով լեցուն օր, որի խորհուրդը Արցախի ազատ երկնքի ներքո համախմբել է մեզ եւ միավորել է համայն մեր ժողովրդին: Այսօր տոնական խնդությամբ է համակված հայության հոգին` միավորված ու միասնական ինչպես Արցախի ազատագրության օրերին, այնպես եւ այս սուրբ ու նվիրական հողում ծնունդ առած հանրապետության պաշտպանության ու զորացման հետագա տարիներին:

1988 թ. Արցախն արտահայտեց իր ազատ հողում ազատ ապրելու մեր ժողովրդի կամքը: Արցախում պարզված ազատության դրոշը առաջնորդեց մեր ժողովրդին դեպի ազգային պետականության նոր առավոտի լույսը, որպեսզի այլեւս երբեք չխամրի մեր ազատ կյանքի այգաբացը:

Արցախը դարձավ միասնության այն կիզակետը, որտեղ կենտրոնացան աշխարհասփյուռ մեր ժողովրդի սատարումն ու աջակցությունը, որտեղ թեւեր առան մեր ժողովրդի հայրենասիրությունն ու նվիրումը, զոհողությունների պատրաստ հանձնառությունը, որտեղ աշխարհասփյուռ ազգը հայոց բռունցքվեց, դարձավ արցախցի, եւ կերտեցինք ազատ անկախ, հզոր Արցախը: Հակառակ բոլոր խոչընդոտների` ճանաչում պիտի գտնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետությունների ու միջազգային կառույցների կողմից:

Եվ հավերժ թող ապրի Արցախը ու նրա հերոս ժողովուրդը` աշխարհասփյուռ հայության հետ, հայոց պետականության հովանու ներքո: