Հայ ազգային կոնգրեսը շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի Անկախության 20-ամյակը:

ՀԱԿ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված նստաշրջանը 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)՝ մարզի եւ Շահումյանի շրջանի ընդհանուր տարածքով։  Մարզային խորհրդի գործադիր կոմիտեն հռչակվեց որպես ԼՂՀ պետական եւ վարչական ժամանակավոր բարձրագույն մարմին:

Լեռնային Ղարաբաղի՝ սեփական ճակատագիրը տնօրինելուն ուղղված հերթական այս քայլը հնարավոր դարձավ եւ միջազգային որոշակի իրավական կարգավիճակ ստացավ 1988-ից վեր Ղարաբաղյան կամ Հայկական համազգային ժողովրդավարական շարժման ու պայքարի շնորհիվ։ ԼՂՀ-ն այսօր 20 տարեկան է։ Այդ 20 տարիները նա անցել է հաղթահարելով տասնյակ ու հարյուրավոր խոչընդոտներ ու մարտահրավերներ՝ անհավասար պատերազմից սկսած մինչեւ տնտեսական դժվարություններ՝ ապացուցելով անկախ պետականությամբ ապրելու իր ունակությունն ու անքակտելի իրավունքը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաղթանակների, այսօրվա գոյության եւ հաջողությունների մեջ իր նպաստն է բերել ողջ հայությունը եւ մասնավորապես Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու նրա իշխանությունը՝ ապահովելով 1990-ական թվականների ռազմական ու դիվանագիտական հաղթանակները։ Հայաստանի դիվանագիտական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղը, իր պատմության մեջ առաջին անգամ, ի դեմս ընտրված իր իշխանության, միջազգային հարաբերություններում հանդես էր գալիս որպես հավասարազոր սուբյեկտ եւ ինքնուրույն գործոն։ Դրանով միջազգային ճանաչում էր ստանում նաեւ ինքնորոշման նրա իրավունքը, կարեւոր թելադրող հանգամանք դառնում հակամարտության կարգավորման բանակցություններում։ Ցավոք, Հայաստանի հաջորդ իշխանությունը, տուրք տալով գավառականությանն ու որդեգրելով պետականամերժ գործելակերպ, ի չիք դարձրեց կարեւորագույն այս լծակը, իսկ Ղարաբաղի իշխանությունը մինչ օրս հանդուրժում է դա։

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ԼՂՀ ծննդյան 20-ամյակի առթիվ եւ համոզմունք հայտնում, որ, ապավինելով ժողովրդավարությանն ու առողջ բանականությանը, նա հաջողությամբ կկարողանա վերականգնել իր նախկին կարգավիճակը միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ կհաղթահարի ներքին մարտահրավերները՝ ամրապնդելով իր ազատ եւ անկախ զարգացման ապահով հիմքերը»։