Արտաքին սպառնալիքը, ներքին բեւեռացումը եւ դեպի Եվրամիություն հետագա ընթացքը Վրաստանի երեք գլխավոր մարտահրավերներն են մեր օրերում, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ստրասբուրգում, Ժողովրդավարության համաշխարհային համաժողովում, տեղեկացրել է «Новости- Грузия»-ն։

«Բեւեռացումն ամենուրեք կլանել է մեզ, մեր կուսակցություններում, ԶԼՄ-ներում, անգամ եկեղեցում... Բեւեռացում այն իմաստով, որ դուք այլեւս չեք վստահում մեկ ուրիշին, երբ դուք մտածում եք, որ ուրիշն արդեն թշնամի է, եւ սա այն դեպքում, երբ իսկական թշնամին սահմանին է... Նման պահերին բեւեռացումը դառնում է հանցագործություն ազգի դեմ, որովհետեւ թուլացնում է երկիրը։ Դա այն է, ինչն օգտագործում է հակառակորդը, անգամ ուժային գրոհ չկիրառելով»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նա կոչ է արել չմոռանալ, որ ռուսական ռազմակայանը Վրաստանի մայրաքաղաքի կողքին է։ «Սա վիճակ է, որի մեջ մենք ապրում ենք եւ որին հակառակ զարգացնում ենք դեմոկրատական կայունություն, չնայած այն կատարյալ չէ»,- ընդգծել է նախագահը։

Զուրաբիշվիլին ասել է, որ այսօր, ավելի քան երբեւէ, Վրաստանին անհրաժեշտ է Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, որպեսզի կարողանա պահել իր արժանապատվությունն ու առաջ շարժվել։

Նրա խոսքով՝ Վրաստանը «մեծ հիասթափություն է ապրել», երբ Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ միասին թեկնածուի կարգավիճակ չի ստացել։

«Գործընթացից դուրս մնալն ազդանշան է մյուսներին այն մասին, որ կարող է առաջանալ փխրուն իրավիճակ։ Այն, ինչ մենք ապրեցինք, ես կանվանեի էկզիստենցիալ հիասթափություն։ Մենք այնքան եվրոպացի ենք եւ այնքան վաղուց ենք այդպիսին, մենք պետք է միանանք եվրոպական ընտանիքին... Ես կարծում եմ՝ մենք չենք կարող ժամանակ կորցնել այսօր։ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է պետք»,- ասել է Զուրաբիշվիլին։