Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ) չորս հիմնական եւ եւս երկու կուսակցությունների հետ գաղափարական սկզբունքների շուրջ ինտենսիվ քննարկում է իրականացնում եւ եթե գաղափարական հարցերի շուրջ համաձայնությունների գան այս բանակցությունների արդյունքում, ապա դրանից հետո  կորոշվի, թե ինչպես են մասնակցելու մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին ԱԺՄ-ական, ներկայումս «Ազգային ժողովրդավարների դաշինքի» ղեկավար, նախկին պատգամավոր, այժմ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը` հավելելով, որ ընտրություններին մասնակցելու, ցուցակների հարցերը դեռ չեն քննարկվել, դրանք կախված են առաջին հերթին գաղափարների քննարկումից:

«Քանի որ այս 4 կուսակցությունները պահպանել են ԱԺՄ գաղափարախոսության հիմնական մոտեցումները, ուղղակի բաժանումները եղել են գործընթացների արդյունքում, իսկ ինչո՞ւ մեկ ամբողջական կուսակցություն չլինի, եւ ոչ թե դաշինք»,- ասաց Արշակ Սադոյանը` չցանկանալով նշել, թե որոնք են այդ կուսակցությունները:

Ինչ վերաբերում է մամուլում տարածված տեղեկություններին, որ ԱԺՄ-ն վերակենդանանում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո, Արշակ Սադոյանը նշեց, որ նրա հետ հանդիպումներ եղել են, բայց ոչ այդ թեմաների շուրջ, ըստ որում`նախաձեռնությունն իրենց կողմից էր, ոչ թե վարչապետի:

Նրա խոսքով` այսօր Հայաստանի քաղաքական դաշտում բացակայում է հստակ շեշտված ազգային ժողովրդավարական ուղղության գաղափարախոսությունը, իրենք քննարկում են, թե ինչպես լրացնել այդ բացը: Նրանք ծրագրում են ստեղծել հզոր քաղաքական ուժ, քաղաքական գործունեության մեջ ներգրավել ինտերնետ-հնարավորությունները: Արշակ Սադոյանը նշեց նաեւ, որ քննարկումներ են ընթանում երիտասարդության հետ ավելի սերտ կապերի, ազգային ժողովրդավարության գաղափարները երիտասարդության  լայն շերտերում տարածելու համար:

Նշենք, որ Հայաստանում 2012թ մայիսին կկայանան խորհրդարանական ընտրություններին: