Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանում սկսում է հանրահավաքների շարք, որի մեկնարկն այսօր` սեպտեմբերի 3-ին տրվել է Գյումրիի թատերական հրապարակից:
Դաշնակցական գործիչների խոսքով, ՀՅԴ-ին իր պայքարը մեր երկրում սկսում է Հայաստանի ամենաաղքատ մարզից, իսկ իրենց կուսակցության հիմնական նպատակը ներկա իշխանություններին հեռացնելն ու երկրի ներսում արդար կարգեր հաստատելը:
Դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի սոցիալ-տնտեսկան ծանր վիճակին՝ գնաճ, ահագնացող չափերի հասնող արտագաղթ: Ըստ նրա` անցած երկուսուկես տարիների ընթացքում մեր երկիրը լքել է ավելի քան 78 հազար մարդ, պաշտոնական տվյալներով աղքատությունը Հայաստանում 35 տոկոս է, ոչ պաշտոնական տվյալներով` 60 տոկոս:
Այս ցուցանիշներն, ըստ ՀՅԴ ներկայացուցիչների, ապացույցն են այն բանի, որ այս ամենի փրկության միակ միջոցն օր առաջ այս իշխանություններից ազատվելն է:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի կարծիքով, իշխանական բուրգը պետք է հեռանա վերից վար, այդ ժամանակն արդեն հասունացել է եւ այդ նպատակին հասնելու համար հայ ժողովուրդը պետք է միասնական ոտքի կանգնի ու պայքարի այս ռեժիմի դեմ:



























