Վայքի ծննդատնից Երեւանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված երեխան մահացել է: Այդ մասին հայտնել է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը:
Ավելի վաղ «Չենք լռելու» նախաձեռնությունը տեսագրություն էր տարածել, որում երեխայի հարազատները պատմում էին, թե օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխում մի կնոջ եւ սպասում բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին:
Վերջինս հայտարարել էր, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ: Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել անալգին եւ դեմիդրոլ սրսկել, ինչն էլ բարդությունների է հանգեցրել: Երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկա:
Բժշկուհու գործունեությունը ներկայումս կասեցվել է, Հայաստանի առողջապահության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Վայքի հիվանդանոցում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի ոստիկանությունը նյութեր էր նախապատրաստում Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի դեմ: «Օգոստոսի 31-ին, ժամը 17-ին ոստիկանության Վայքի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ օգոստոսի 14-ին Գնդեվազ գյուղի 20-ամյա բնակչուհու ծննդաբերության ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգ, 54-ամյա Մետաքսյա Հ-ն իր մասնագիտական պարտականությունները ճիշտ չի կատարել, ինչն էլ ազդել է նորածնի առողջական վիճակի վրա: Ոստիկանության Վայոց ձորի քննչական բաժնում նախապատրաստում են նյութեր Մետաքսյա Հ-ի կողմից հիշյալ ծննդաբերության ընթացքում իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ»,- ասված էր ոստիկանության հաղորդագրության մեջ:




























