Սեպտեմբերի 3-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Նոր նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածում վերամբարձ կռունկ է շրջվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 3-ին Նոր Նորքի 6-րդ զանգվածի Գյուրջյան փողոցում գտնվող շինհրապարակում կռունկի սլաքն ընկել է:
Տեղում պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում` պոկվել եւ վայր է ընկել КС-5363В մակնիշի, անվավոր կռունկի սլաքը, ինչի հետեւանքով նույն շինարարությունում աշխատող Երեւան քաղաքի Շոպրոնի 1-ին նրբանցքի 23 շենքի բնակիչ 38-ամյա Արայիկ Գասպարյանը եւ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 7-րդ շենքի 28 բնակարանի բնակիչ` 31-ամյա Սամվել Եփրեմյանը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը Ս. Եփրեմյանին Ա.Գասպարյանին շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ա.Գասպարյանը մահացել է ճանապարհին, իսկ Ս. Եփրեմյանը` հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Ոստիկանության փոխանցմամբ, դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:




























