Դպրոցականները չեն սովորում, որովհետեւ տեսնում են, որ չսովորած մեկն ավելի լավ է ապրում, ավելի ազդեցիկ դիրք ունի հասարակության մեջ, քան նա, ով տարիներով աշխատել եւ գիտելիք է ձեռք բերել: Այս մասին այսօր` օգոստոսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը: Նրա խոսքով` Հայաստանում կան գիտելիք փոխանցող, գիտելիք ստեղծող հազարավոր կենտրոններ, ԳԱԱ ինստիտուտներ, սակայն թե ինչու մարդիկ չեն կարդում, նա այսպես բացատրեց. «Ինչո՞ւ չեն կարդում, որովհետեւ ձեռք բերած գիտելիքը մեծ մասամբ պետք չի գալիս մեր երկրում: Հազարավոր համալսարանականներ աշխատանք չեն գտնում սեփական երկրում: Դրա համար երբեմն նա այդ կրթությունը ստանում է հանուն դիպլոմի»,- ասաց Գյուրջինյանը:

Նրա խոսքով` զավեշտ է, որ  80 եւ ավելի համալսարաններ ունեցող,ԳԱԱ ունեցող երկիրը գրախանութներ է փակում ամեն ամիս, ինչը նշանակում է, որ գիրքը պահանջված չէ: «Մեր տասնյակ հազարավոր ուսանողներ ի՞նչ գրքերով են սովորում, երբ ասում են, որ գրադարանները չեն համալրվում, որտեղ է ծանոթանում նոր գրականությանը: Համացանցում որոշակի շրջանակ կա»,- նկատեց լեզվաբանը:

«Գրախանութները իջան գետնի տակ, բենզալցակայնները բարձրացան վերեւ, նախկինում հակառակն էր»,- նկատեց ասուլիսի մյուս բանախոսը` բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Նրա խոսքով` մեր ժողովրդի մի քանի սերունդ դպրոց չունեցավ, որովհետեւ անընդհատ բարեփոխումներ էին, «այստեղ այնտեղ պարապելով ընդունվում էին բուհեր»:

Նա դեմ չէ ավագ դպրոցին, բայց կարծում է, որ դա մեզ մոտ բացարձակապես սխալ է կիրառվում, երեխան սկզբից պետք է իմանա, թե քանի տարի է սովորելու: Ավագ դպրոցները նա համեմատեց այն բանի հետ, երբ պտղավորված ծառերի պտուղները հանում են եւ տանում ուրիշ հողի մեջ տնկելու: Ռազմիկ Դավոյանը առաջարկում է բացել պրոֆտեխուսումնարանները եւ երիտասարդներին ժողովրդական արհեստներ սովորեցնել, որպեսզի կարողանան հաց վաստակել:

Նշենք, որ այսօր` սեպտեմբերի 5-ին,  գիտելիքների ու գրագիտության տարածման միջազգային օրն է: