Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` սեպտեմբերի 5-ին որոշեց խիստ նախազգուշացում հայտարարել «Հայկական էլեկտրացանցեր» ընկերությանը (ՀԷՑ)` գերիշխող դիրքը չարաշահելու (սպառողների շահերը խախտելու միջոցով) համար: Նշենք, որ Հանձնաժողովի որոշման նախնական նախագծում ՀԷՑ-ին պետք է տուգանեին 20 մլն դրամով, սակայն հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը վերջին պահին հանդես եկավ նոր առաջարկությամբ` տուգանքը փոխարինել նախազգուշացումով: Այդ առաջարկի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ՀԷՑ-ն առաջին անգամ է հայտնվում Հանձնաժողովի վարույթի ներքո, բացի այդ` վարույթի ընթացքում վերականգնվել են սպառողների իրավունքները, խախտումը վերացվել է:
Խնդիրը ծագել է մի քանի տարի առաջ, երբ Նոր Նորք համայնքի Մոլդովական եւ Բագրեւանդ փողոցների միջանկյալ տարածքում գտնվող 20 նորակառույց տների սեփականատերերը փորձել են կանոնավոր էլեկտրամատակարում ստանալ: ՀԷՑ-ը 2005 թ. սկսել է նոր ենթակայանի շինարարությունը, որն ավարտել է 2007 թ., սակայն այնուհետ ոչ մի քայլ չի կատարել ենթակայանը շահագործելու համար: ՀԷՑ-ի նման գործելաոճը դրդել է բնակիչներին` անօրինական լարանցումներ կատարել` սեփական միջոցներով 1 կմ երկարությամբ հոսանքի լարեր անցկացնելով:
Հատկանշական է, որ բնակիչները բողոքով դիմել են եւ ՏՄՊՊՀ-ին, եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ): Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ ՀԾԿՀ-ն այս տարվա հուլիսի 20-ին որոշել է տուգանել ՀԷՑ-ին 5 մլն դրամով` նոր բաժանորդներին էլեկտրական ցանցին միացնելու պայմանները խախտելու հիմքով:
ՀԷՑ իրավաբան Վարդան Գրիգորյանը ՏՄՊՊՀ այսօրվա նիստում ՀԷՑ-ի անգործությունը պատճառաբանեց նրանով, որ պատշաճ կերպով դիմում չեն ստացել, ինչը պետք է հիմք հանդիսանար պայմանագրային հարաբերություններ հաստատելու համար: Իսկապես էլ` դիմումը բնակիչների կողմից ներկայացվել է 2010 թ. մայիսին` վարույթ հարուցելուց հետո: Սակայն ՏՄՊՊՀ-ն գտավ, որ ՀԷՑ-ը, տիրապետելով էլեկտրաէներգիայի մատակարարման բացառիկ մենաշնորհային իրավունքին, պարտավոր էր սպառողներին նախապես տեղեկացնել իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, ինչը չի արել: Իսկ սպառողների ներկայացուցիչ Հայկ Դավթյանն էլ Հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ դիմում գրելն ընդամենը ֆորմալ գործողություն է, եւ չէր կարող հիմք հանդիսանար կառուցված ենթակայանն անգործ վիճակում թողնելու համար:




























