Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօրվա` սեպտեմբերի 5-ի նիստում 500 հազ. դրամով տուգանեց «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցին` սպառողներին ապակողմնորոշելու եւ գովազդում ներկայացված պայմանները խախտելու հիմքով:
Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել «Իրավունք» թերթի 2010 թ. մայիսի 21-ի հրապարակումն այն մասին, որ «Ֆրեշը» գովազդում է մի ակցիա, որով պետք է կիվիի 3 հատը վաճառի 375 դրամով, իրականում վաճառում է 510-ով: Ըստ «Իրավունքի» հրապարակման` գովազդի պայմանների խախտումը «Ֆրեշում» զանգվածային բնույթ է կրում:
«Ֆրեշի» գլխավոր հաշվապահ Հովհաննես Բալջյանը Հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց, որ բացառում է, թե նման դեպք է եղել, իսկ խախտում հայտնաբերած քաղաքացին պետք է նախ դիմեր մենեջերին ու փորձեր այդ կերպ կարգավորել խնդիրը: Նշենք սակայն, որ կիվին գնած սպառողը ներկայացրել է եւ ՀԴՄ կտրոնը, եւ հարակից կտրոնը, որով ապացուցվում է կիվիների թանկ գնով վաճառքը:
Քանի որ դեպքը տեղի է ունեցել 2010 թ.` «Ֆրեշին» տուգանեցին մրցակցության մասին հին օրենքով, որը 500 հազ. տուգանք է ենթադրում: Նշենք, որ նոր օրենքով հանձնաժողովը նման խախտումների դեպքում իրավասու է շատ ավելի բարձր տուգանքներ կիրառել:




























