«Տրոյկա Դիալոգի» բիզնեսի կառավարման գլխավոր գործադիր տնօրեն Ժակ Դեր Մեգերդիչյանը լքում է ընկերությունը:

Տեղեկատվությունը հաստատել է տեր Մեգերդիչյանը, ինչպես նաեւ «Տրոյկա Դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, հայտնում է «Կոմմերսանտ» թերթը:

Վարդանյանը հավաստիացրել է, որ Դեր Մեգերդիչյանի հետ ոչ մի հակամարտություն չի եղել:

Վերջինս «Տրոյկա Դիալոգում» աշխատում էր 2000 թվականից եւ ընկերությունում Ռուբեն Վարդանյանից հետո երկրորդ կարեւոր անձն էր։

Հուլիսին ընկերությունը լքել էր կառավարման անդամ եւ գանձապետարանի ղեկավար Անդրեյ Գոլիկովը, ով այնտեղ աշխատել էր 15 տարի։ Նրա հեռանալու պատճառները պաշտոնապես չէին հաղորդվել, սակայն նման որոշում նա կայացրել էր դեռ գարնանը, երբ Խնայբանկը հայտարարել էր «Տրոյկան» գնելու մասին։