Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 5-ին այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), ներկա գտնվել՝ Հայաստանում արտակարգ իրավիճակների համակարգի կազմավորման 20-ամյա հոբելյանին, արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին եւ շնորհավորել համակարգի բոլոր աշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահի հրամանագրով, ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը տոնի առթիվ պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, իսկ համակարգում ներդրած անձնական մեծ ավանդի համար «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպության նախագահ, ֆրանսիացի հրշեջ-փրկարար Բերնար Ժաննինը՝ Պատվո շքանշանով:
ԱԻՆ-ում Սերժ Սարգսյանին ներկայացվել է ռադիոմոդեմային հեռակառավարվող գազագեներատորային շարժական կայանը, որը կիրառելի է կարկտի դեմ պայքարի, մառախուղի եւ ցածր ամպամածության ցրման, ինչպես նաեւ հորդառատ ու երկարատեւ տեղումների դադարեցման աշխատանքներում: Հատուկ փրկարարական ջոկատը ներկայացրել է ցուցադրական վարժանքներ:
Նախագահն այցելել է նաեւ նախարարության նորաբաց ճգնաժամային կառավարման կենտրոն եւ 911 ծառայության սրահ, որտեղ ներկայացվել են արտակարգ իրավիճակների կառավարման հնարավորությունները՝ ծրագրային արդիական լուծումներով:
Երկրի ղեկավարը ծանոթացել է նաեւ նախարարության նոր կառուցվող 9 հարկանի շենքի համար նախատեսվող աշխատանքային պայմաններին:




























